National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.10.2015
Գալուստ Սահակյանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններին առնչվող հարցեր
1 / 4

Ժնեւում հայ-ռուսական երկկողմ բարեկամական եւ բազմակողմ դիվանագիտական հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Հոկտեմբերի 19-ին Գալուստ Սահակյանը Ժնեւ կատարած այցի ընթացքում՝ Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում, հանդիպել է Սերգեյ Նարիշկինի հետ:

ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցության ընդլայնումը բոլոր բնագավառներում, այդ թվում՝ խորհրդարանական ձեւաչափով, քանի որ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման եւ ինտեգրացիոն գործընթացների ամուր իրավական հիմքերի ձեւավորման գործում մեծ դերակատարություն ունի միջխորհրդարանական գործակցությունը:

Գալուստ Սահակյանը փաստել է, որ բարեկամ երկրների միջեւ փոխգործակցությունը կանոնավոր կերպով զարգանում է: Խոսելով բազմակողմ համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը մասնավորապես ընդգծել է. «Անհրաժեշտ է ընդլայնել ու խորացնել երկու երկրների համագործակցությունը միջազգային կառույցներում: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը միջազգային խորհրդարանական հարթակներում շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրների»: Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, որ Հայաստանը կողմ է Միջխորհրդարանական միությունում ռուսերենը պաշտոնական կամ աշխատանքային լեզու դարձնելու Ռուսաստանի առաջարկին:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Գալուստ Սահակյանը Սերգեյ Նարիշկինին տեղեկացրել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանն սկսել է ավելի ծանր զինտեխնիկա կիրառել:

«Մենք՝ քաղաքական գործիչներս, գուցե հասկանում ենք, թե ինչու Ռուսաստանն ավելի կոշտ արձագանքներ չի հնչեցնում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, սակայն հայ հասարակությունը, որը Ռուսաստանն ընդունում է որպես եղբայրական պետություն, այլ սպասումներ ունի»,-իր խոսքում նշել է Գալուստ Սահակյանը:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման եւ աջակցության համար:

ՌԴ Պետական դումայի ղեկավարը, խոսելով միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցության մասին, վստահություն է հայտնել, որ այն կշարունակվի եւ առավել կզարգանա: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Սերգեյ Նարիշկինը նշել է, թե Ռուսաստանի մեծ ցանկությունն է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ստանա շուտափույթ լուծում բացառապես խաղաղ ճանապարհով, եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները հնարավորինս բարելավվեն:

Սերգեյ Նարիշկինը խոսել է նաեւ Սիրիայում ռուսական գործողությունների մասին եւ նշել, որ Ռուսաստանի կիրառած համապատասխան միջոցառումներն արդեն տվել են դրական արդյունքներ:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am